Երեկ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հրաժարականից հետո, նախարարների կաբինետը ստիպված էր հրաժարական տալ։ Կիպիանին կառավարությունը լքած 7-րդ նախարարն է, Վրաստանի Սահմանադրության համաձայն, 20 նախարարներից մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլին պարզաբանել է, որ, Սահմանադրության համաձայն, նոր նախարարների նշանակումը վերապահված է գործող վարչապետին, բայց վերջնական որոշումը խորհրդարանինն է։ Եթե օրենսդիր մարմինը չհաստատի կառավարության նոր կազմը, նախագահն իրավունք ունի ազատ արձակել խորհրդարանը և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն: «Ոչ միայն Ղարիբաշվիլին, այլ նույնիսկ Իվանիշվիլին չի կարող վերահսկել դրությունը և իրական տեղեկություն չունի: Միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և իշխանությունում ռեալ փոփոխությունները»,- ասել է Բուրջանաձեն: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, Վրաստանում ազգային արժույթը կշարունակվի արժեզրկվել, իսկ բնակչությունը` աղքատանալ:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլին պետք է վերադառնա վարչապետի պաշտոնին՝ հեռացնելով վարչապետ Ղարիբաշվիլուն, գրում է apsny.ge -ն:
Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել կառավարությունում պաշտոնաթողությունները, որոնք հանգեցրել են նախարարների կաբինետին վստահություն հայտարարելու անհրաժեշտության: «Եթե վարչապետ Ղարիբաշվիլին մնա իր պաշտոնին, այս անլուրջ «Բաստի-բուբուն» (մանկական հեռուստահաղորդում) կշարունակվի, որը դրական չի անդրադառնա տնտեսության առողջացման վրա»,- հայտարարել է Իրակլի Ալասանիան: Նրա խոսքերով՝ իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է կրկին ղեկավարի Վրաստանի կառավարությունը: «Միակ ճիշտ ելքը այն կլինի, եթե Բիձինա Իվանիշվիլին անձամբ վերադառնա, վերջակետ դնի այս ոչպաշտոնական կառավարմանը և երկիրը հասցնի մինչև խորհրդարանական ընտրություններ, և դրանից հետո միայն որոշումը Վրաստանի բնակչությունը կկայացնի»,- նշել է Ալասանիան:
Ընդդիմությունը Իվանիշվիլուն մեղադրում է կառավարությանը վերահսկելու և երկիրը «կուլիսների հետևից» կառավարելու մեջ: